Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու գործով մեղավոր են ճանաչվել հաստատության նախկին տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանը և հաշվապահ Լիդա Սարգսյանը:
Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ըստ դատավճռի՝ դատարանն ապացուցված է համարվել, որ 2006-2016 թթ., զբաղեցնելով մանկատան տնօրենի պաշտոնը, Հ. Մկրտչյանը նախնական համաձայնություն ձեռք բերելով հաշվապահ Լ. Սարգսյանի հետ, տարբեր հաստիքներում 31 մարդու է գրանցել և նրանց անվամբ աշխատավարձ ձևակերպելով՝ մանկատնից յուրացվել է շուրջ 46 մլն դրամից ավելի գումար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, վճռել է մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում՝ 5 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք՝ 600.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նրա նկատմամբ սահմանել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժները մասնակիորեն և լրիվ գումարելու կանոնների կիրառմամբ Լիդա Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 5 տարի 3 ամիս ժամկետով և տուգանք՝ 400.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ Լիդա Սարգսյանը նշանակված վերջնական հիմնական պատիժներից ազատվել է, և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժները լրիվ գումարելու կանոնի կիրառմամբ, Քրիստինա Պողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել տուգանք 900.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով և «Համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմամբ Պողոսյանը ևս ազատվել է պատժի կրումից, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, նույնպես թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: