Օպերային հայտնի երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, հերքել է տեղեկությունը, թե ինքը հրաժարվել է Դրեզդենում հանդես գալ հայ օպերային երգչուհի, սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:
«Հարգելի՛ ընկերներ, ես ադրբեջանցի եմ և ունեմ հստակ պատկերացում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին, բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն ազդում իմ մասնագիտության և գործընկերներիս հետ հարաբերությունների վրա: Դրա լավագույն ապացույցն է այն, որ ես բազմիցս բեմ եմ դուրս եկել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ՝ Մեծ թատրոնում: Հետևաբար, խնդրում եմ, մի՛ նենգափոխեք, մի՛ աղավաղեք փաստերն ու մի՛ հավատացեք այդ լուրերը տարածողներին: Ինչպես սկզբում հայտարարվել էր, ես SemperOperaball-ի բեմում կլինեմ մենակ՝ առանց որևէ այլ կատարողի»,- գրել է Էյվազովը: