Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը 2019-ը ամփոփող մամուլի ասուլիսը սկսեց դրական նոտայով: Նախարարը նշեց, որ 2020-ը լավ է սկսվել, քանի որ կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա:
«11 ամիսների արդյունքներով մենք ունենք 7.5 տոկոս տնտեսական ակտիվություն, և, որ քիչ կարևոր չէ, հատկապես առաջատար նշանակություն ունի արդյունաբերության աճը: 9.3 տոկոս էլ տնտեսական ակտիվություն է արձանագրվել 11 ամիսների ընթացքում արդյունաբերության ոլորտում: Ծառայություններն աճել են գրեթե 15%-ով, ներքին առևտրաջրջանառությունը ունեցել է 9.2% աճ, շինարարությունը՝ 4.5 %, արտահանումն աճել է 9%-ով: Սա նշանակում է, որ մենք, չնայած 2019 թվականի տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները ամփոփված չեն, բայց արդեն կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7.5 % տնտեսական աճ: Սա շատ կարևոր ձեռքբերում է»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:
Անդրդառնալով զբաղվածության խնդրին՝ նախարարը նշեց, որ ոլորտում կա աճ ու թվեր հրապարակեց:
«9 ամսվա արդյունքներով մասնավոր հատվածում զբաղվածությունը ըստ պաշտոնական թվերի ունի 40.000-ով աճ: 5300-ը դրանցից վերաբերում է մշակող արդյունաբերությանը, 21.400-ը մեծածախ և մանրածախ առևտրին, 4300 աշխատատեղ ավելացել է կացության և հանրային սննդի ոլորտում, 2300-ը կապի և տեղեկատվության, 2100-ի ՏՏ-ի և 2700-ը այլ ծառայություններում»,- ասել է Խաչատրյանը: