Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Եղվարդի ծննդատան լուծարման հարցին, նշել է, որ ոլորտի լիազոր մարմինը առողջապահության նախարարությունն է: Նա ընդգծել է, որ նախարարությունը կազմում է տարեկան բյուջեն, մշակում քաղաքականությունը, իսկ մարզպետի ինստիտուտն այդ քաղաքականությունը ներդնում է մարզում և իրականացնում է ամենօրյա կառավարումը մարզային ենթակայության այնպիսի բուժհաստատություններում, ինչպիսին «Նաիրի» ԲԿ-ն է։
«Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի պետական ֆինանսավորումը դադարեցնելու մասին գրավոր որոշում մենք չենք ստացել, պարզապես նախարարության մեր գործընկերները մինչև այս մեզ հայտնել էին, որ նման քաղաքականություն են պատրաստվում իրականացնել այն փաստերի հիման վրա, որոնք պարոն Թորոսյանն արդեն հրապարակել է»,- ասել է մարզպետը։ Հունվարի 8-ին պաշտոնական գրությամբ մարզպետը դիմել է առողջապահության նախարարին՝ վերանայելու մարզերում առկա մի քանի ծննդատների լուծարման որոշումը: Նախարարի հետ փոխըմբռնման են եկել. «Մարզային ենթակայությանը մեկ այլ ծննդատուն ունենք՝ Աբովյանի ծննդատունն է, որը բավականին հեռու է Եղվարդից, և այլ տարբերակը մայրաքաղաքի ծննդատներն են, որոնք դարձյալ հեռու են, չնայած նախարարը փաստում էր, որ ամենամոտ համայնքներից է։ Ամենամոտ համայնքը Եղվարդն է, բայց այդ համայնքը սպասարկում է այլ գյուղեր»,- նշել է Պետրոսյանը։
Մարզպետի՝ կարծիքով Եղվարդի ծննդատունը պետք է գործի, նորոգվի ու վերազինվի սարքավորումներով և նորոգվի:
«Այս պահին արձանագրում ենք, որ ծննդատունը չի փակվում, սպասում ենք ծննդկաններին և նիշ ենք սահմանում՝ 150-ի նիշը պիտի հաղթահարենք։ 2-3 օրվա մեջ նախարարը Կառավարությունում կներկայացնի բոլոր այն փաստարկները, որոնք այսօր հնչել են իմ և մյուս մարզպետների կողմից։ Հույս ունեմ, որ Եղվարդի մասով կունենանք դրական լուծում»,- ընդգծել է մարզպետը։