Լրատվամիջոցները, որոնք համապատասխան հայտ կներկայացնեն արդարադատւթյան նախարարություն, հնարավորություն կունենան անվճար ու ազատ օգտվել Հայաստանի իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի բազայից։ Այդ հարցը հունվարի 13-ին քննարկվեց ու դրական եզրակացության արժանացավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի մշտական հանձնաժողովում։
Ներկայումս ռեգիստրից մեկ ընկերության մասին տվյալ ստանալու պետտուրքը կազմում է 3000 դրամ։ Խորհրդարանի հանձնաժողովում հարցը ներկայացնում էր արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։ Օրենքի նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը նշեց, որ լրատվամիջոցը նույնականացնելու համար պետռեգիստրից կստանա որոշ տվյալներ, գաղտնաբառեր, որոնցով կկարողանա մուտք գործել և օգտվել բազայից։
Լրատվամիջոցների համար ռեգիստրից օգտվելու հնարավորությունը կդադարեցվի այն ժամանակ, երբ նրանք սեփական դիմում կներկայացնեն դրա վերաբերյալ կամ կդադարեն զբաղվել լրատվական գործունեությամբ։ Օրենսդրական փոփոխությունը քննարկվելու է նաև խորհրդարանի լիագումար նիստում։