Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը, այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր, շուրջ 4000 պատվիրակներ ավելի քան 175 երկրներից:
«Աբու Դաբի կայունության շաբաթն» անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը միավորում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով:
Ֆորումի բացման շրջանակում տեղի է ունեցել «Զայեդ կայունության մրցանակի» շնորհման արարողությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մրցանակ է հանձնել «Ալ Ամալի» դպրոցին: «Ալ Ամալին» Մարոկկոյի այն սակավաթիվ դպրոցներից է, որը կրթում է ուսանողներին ամռանը ջրի սակավության խնդիրները հաղթահարելու և գյուղատնտեսության ուղղություններով: Դպրոցը փորձում է նաև դրական ազդեցություն ապահովել համայնքի համար՝ իրականացնելով մի քանի ծրագիր, որոնք ուղղված են շրջակա միջավայրի, կայունության ոլորտներում իրազեկվածության բարձրացմանը: Դպրոցի առաջարկած նախագծերից մեկը միտված է մաքուր էներգիայի կիրառմամբ ջրի ապահովմանը:
«Զայեդ կայունության մրցանակը» շնորհվում է 2008 թվականից՝ նպատակ ունենալով խրախուսել առողջապահության, սննդի, էներգետիկայի, կրթության և ջրային տնտեսության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս կայուն զարգացմանը նպաստող նորարար և ոգեշնչող լուծումներով: