ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծով նախատեսվում է իրականացնել համընդհանուր ներառում: Առնվազն այն մարզերում, որտեղ համընդհանուր ներառման են անցել դպրոցները, այդպիսի ներառում կլինի նաև մանկապարտեզների դեպքում:
«Մենք ներկայումս ունենք զրոյական կարգավորում, և որոշ դեպքերում նաև ինքնագործունեության կամ սեփական ուժերով կարգավորման գործընթացներ են տեղի ունենում: Մասնավոր մանկապարտեզների հետ կապված կարգավորման խնդիր ունենք, հաճախ չենք հասկանում, թե ինչ տիպի կրթական ծառայություն են մատուցում այդ հաստատությունները, և օրենքը թույլ է տալու դա իրականացնել: Այսօր չունենք մեխանիզմ, որով չափում ենք կրթական ծառայությունների որակը, և չունենք պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ա. Հարությունյանը նշել է, որ եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, նշանակում է, որ լրջագույն խնդիրներ են լինելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Բոլոր մեխանիզմները, որոնք կիրառվում են ներկայումս այն մարզերում, որոնք անցել են համընդանուր ներառման դպրոցներում, այդ մեխանիզմները կիրառվելու են նաև մանկապարտեզներում:
«Հիմա մենք նման մոդելների կիրառման համար ունենք բյուջեում ներդրած գումարներ: Օրենքի ընդունվելուց հետո սկսելու ենք ծախսել այդ գումարները: Կարիքներն ենք գնահատելու և ըստ դրա առաջնորդվելու»,- նշել է Արայիկ Հարությունյանը: