Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը 2019-ի տարեկան արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ նշել է, որ նախորդ տարի բյուջե է մուտքագրել 1 տրիլիոն 464 մլրդ դրամ հարկ ու մաքս։ Ապահովել են 62 միլիարդ դրամի կամ 4.5 տոկոսի գերակատարում:
ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում երկիր է ներկրվել աննախադեպ քանակի՝ 189 հազարից ավելի ավտոմեքենա։ Եվս 4700 տրանսպորտային միջոցի համար ՊԵԿ-ն ընդունել է նախնական հայտարարագիր, որ հունվարին ցածր մաքսատուրքերով մաքսազերծի դեկտեմբերի վերջին օրերին երկիր բերված մեքենաների մի մասը:
2020-ի ընթացքում մեքենաների ներկրման սպասվող կրճատման անդրադառնալով՝ Անանյանը նշել է, թե ՊԵԿ-ն ինչով է մտադիր կատարել բյուջետային մուտքերի գծով ծրագրած ցուցանիշները:
«2019-ի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189.019 մեքենա: Նախորդ տարի եղել է 64 000: Մեքենաների գծով գանձումները կազմել են շուրջ 95 միլիարդ կամ նախորդ տարվա համեմատ 58 միլիարդով ավել:
Հարկ վճարողներին 54.6 միլիարդ դրամ վերադարձնելու կառավարության որոշումը նպատակ ուներ չեզոքացնելու այն ժամանակավոր եկամտային էֆեկտը, որը մենք մեքենաներից ունենք 2019-ին: Նախկին պարտքերը մարելու ճանապարհով գնալով՝ մենք, ըստ էության, չեզոքացրել ենք ժամանակավոր էֆեկտ ունեցող եկամուտների ազդեցությունը հաջորդ տարիների նկատմամբ»,- ասել է Դավիթ Անանյանը: