Իրանն այս օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Հակակառավարական ցույցերն Իրանում չեն հանդարտվում: Երկրորդ օրն է՝ Թեհրանի փողոցներում հնչում են քննադատական կարգախոսներ: Ցույցերը սկսվեցին, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ընդունեց ուկրաինական Boeing-ի հրետակոծման պատասխանատվությունը: Կիրակի գիշերը մոտ 3 հազար մարդ է մասնակցել Թեհրանում անցկացվող ցույցերին, որոնք բողոքում են, որ Թեհրանը երեք օր թաքցրել է իր մասնակցությունը ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռի կործանմանը: Իրանի ոստիկանությանն էլ մեղադրել են ցուցարարների վրա կրակելու համար:
Թեհրանի ոստիկանապետը հերքել է հավաքի մասնակիցների վրա կրակոցների մասին մեղադրանքները: ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին, իսկ Իրանի իշխանությանը զգուշացրել է խուսափել ուժի գործադրումից: «Խաղաղ ցուցարարների ևս մեկ սպանությունն ու ինտերնետի անջատումը անընդունելի են»,- գրել է Թրամփը Թվիթերում:
Իրանն էլ, իր հերթին, պաշտոնապես բողոքի նոտա է ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարությանը: Պարզվել է, որ ցույցերին մասնակցել է նաև Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, որը ձերբակալվել էր և ավելի քան մեկ ժամ ոստիկանական բաժանմունքում պահվել: Ինքը՝ դեսպանը, հերքել է ցույցին իր մասնակցության մասին լուրը։
Իրանի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է: Ուկրաինան և Կանադան ակնկալում են, որ մեղավորները կպատժվեն:
Վաշինգտոնը Իրանի նկատմամբ մշակել է նոր պատժամիջոցներ: Եվրամիությունը, սակայն, չի շտապում կտրուկ քայլերի դիմել: Բրյուսելը որոշել է չշտապել պատժամիջոցներ կիրառելու հարցում: Դա պայմանավորված է նրանով, որ այժմ Եվրոպական կառույցը սպասում է միջադեպի հետաքննության արդյունքներին: Հունվարի 20-ին տեղի ունենալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ այս հարցից բացի նախատեսվում է քննարկել նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ապագան: Փաստաթուղթը ենթադրում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում՝ պայմանով, որ Թեհրանը կսահմանափակի իր միջուկային ծրագիրը: