Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսել է ծննդօգնության ծառայությունների բարեփոխումների մասին: Նախարարը հայտարարել է, որ մարզերում անձամբ կհանդիպի մարզային բուժհաստատությունների աշխատակիցների ու բոլոր բնակիչների հետ։
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծննդօգնության կարիք ունեցող կինը հնարավորինս արագ բուժօգնություն ստանա։ Անհրաժեշտության դեպքում՝ շտապօգնության մեքենաներ կավելացնենք։ Բողոքի ակցիաներով այս հարցը չի կարող լուծում ստանալ։ Նման կայծերը կարող են նաև այլ ուժերի կողմից օգտագործվեն։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ես կխոսեմ բնակիչների ու բուժանձնակազմի հետ, կբացատրեմ մեր գաղափարի առավելությունները։ Իսկ մինչև այդ, խնդրում եմ, մնանք կառուցողական բանավեճի շրջանակում և չփորձենք մեր քաղաքականությունը դարձնել գործիք․ մենք ձեր դեմ չենք, որ դուք մեզ դեմ եք»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել էին ճանապարհը՝ պետական ֆինանսավորումը դադարեցնելու դեմ բողոքի ակցիա իրականացնելով։ Նախարարությունը պարզաբանել էր․
-
Առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։
-
Ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության, մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։
-
Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:
-
Ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը պոտենցիալ վտանգ է ծննդկանի և նորածնի համար: