Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան մրցույթ է հայտարարել բոլոր այն աղջիկների համար, որոնք կցանկանային դառնալ իր երկրորդ կեսը և միասին Լուսին թռչել: Հայտարարությունը միլիարդատերը տարածել է Թվիթերի միկրոբլոգում:
«Մեկնել այդ յուրահատուկ վայրը՝ յուրահատուկ մարդու հետ: Այս նախագծի միջոցով ցանկանում եմ նաև կյանքիս երկրորդ կեսին գտնել»,- նշված է մրցույթի կայքում:
Մրցույթին կարող են մասնակցել 20 տարին լրացած աղջիկները, որոնք ամուսնացած չեն և կենսուրախ են: Բացի այդ, նրանք պետք է լրջորեն տրամադրված լինեն դեպի Լուսին թռիչքի համար: Մրցույթը կշարունակվի մինչև հունվարի 17-ը:
Մաեձավան Ճապոնիայում հայտնի է ոչ միայն որպես հաջողակ գործարար (նրա կարողությունը 3 միլիարդ դոլար է), այլև որպես հայտնի կնամոլ. նա երբեք ամուսնացած չի եղել, սակայն 3 երեխա ունի: Նրա սիրավեպերը, որպես կանոն, երկու տարուց ավելի չեն շարունակվել: