ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի միկրոբլոգում պարսկերենով գրառում է արել: Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ իր նախագահության հենց սկզբից աջակցում է Իրանի ժողովրդին:
«Իրանի քաջ և բազմաչարչար ժողովրդին. ես աջակցում եմ ձեզ իմ նախագահության սկզբից, և իմ վարչակազմը կշարունակի աջակցել ձեզ: Մենք ուշադիր հետևում ենք ձեր բողոքի ակցիաներին և հիացած ենք ձեր խիզախությամբ»,- գրել է Դոնալդ Թրամփը:
Այս գրառումից հետո մեկ ուրիշ թվիթով էլ ԱՄՆ նախագահը դիմել է Իրանի իշխանություններին և կոչ արել նրանց թույլատրել իրավապաշտպաններին հետևել իրադարձություններին: Թրամփի խոսքով՝ Թեհրանը չպետք է հաշվեհարդար տեսնի խաղաղ ցուցարարների նկատմամբ կամ էլ անջատի ինտերնետը, որովհետև աշխարհը հետևում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում հակակառավարական ցույց էր սկսվել այն բանից հետո, երբ երկրի իշխանությունը հայտարարել էր, որ սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը: