Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ պետական սահմանի անցման կետերով երկիր մուտք գործած՝ վարակիչ հիվանդության կասկածով անձանց մոտ կարմրուկի դեպքեր չեն հաստատվել։
ԱԱՏՄ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով 18 անձանց մուտքը երկիր, իսկ Դուբայ-Երևան չվերթի մեկ ուղևոր դուրս էր բերվել արտահերթ։ Տվյալ անձանց առողջական վիճակի մասին տեղեկացվել էր համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ։
Հետադարձ կապի արդյունքում ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ 2 անձի մոտ արձանագրված ցանի և ջերմության համակցումը և 1 անձի մոտ անհայտ ցանավորումը պայմանավորված չեն եղել կարմրուկով։
Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի և Գոգավան-Պրիվոլնոյեի և «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները և ավտոմատ ջերմաչափում կատարելով։ Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետերում գրանցվել էր վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել էին Վրաստանից։