Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Իրանից պահանջել է «մեղքի լիակատար ընդունում» Boeing 737-800 ուկրաինական ուղևորատար օդանավը սխալմամբ խոցելու համար: Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարն ակնկալում է, որ Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ներողություն կխնդրի, կպատժի մեղավորներին և փոխհատուցում կտրամադրի: Այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր պաշտոնական ալիքում: Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ չնայած առավոտը բարի չէր, այնուամենայնիվ, ճշմարտությունն են իմացել: Վոլոդիմիր Զելենսկին պահանջել է նաև բաց ու ամբողջական հետաքննություն անցկացնել ու վերադարձնել Ուկրաինայի քաղաքացիների աճյունները: