Հորդանանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում իսրայելական գազի մատակարարման համաձայնագրի դեմ: Չնայած ցուրտ ու անձրևոտ եղանակին՝ հարյուրավոր ակտիվիստներ են ուրբաթօրյա աղոթքից անմիջապես հետո փողոց դուրս եկել:
Լուրը հաղորդում է Gulf News-ը՝ հավելելով, որ Հորդանանի խորհրդարանը հունվարի 19-ին արտակարգ խորհրդակցություն կանցկացնի և, ամենայն հավանականությամբ, կչեղարկի կառավարության՝ Իսրայելի հետ կնքած համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ 2019-ի հուլիսի 1-ին Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը հայտարարեց Թել Ավիվի կողմից Ամանին գազի մատակարարման մեկնարկի մասին:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն դա որակեց պատմական իրադարձություն՝ նշելով, որ Իսրայելն, այսպիսով, միացավ վառելիք արտահանողների միջազգային ակումբին:
Հորդանանի իշխանություններն այդ ժամանակ ձեռնպահ մնացին հայտարարություններից, սակայն, խորհրդարանում և բնակչության շրջանում, հատկապես տարածաշրջանային լարմանը զուգընթաց, մեծ դժգոհություն աճեց: