ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այսօրվանից մեկնարկել է իրազեկման արշավ՝ պատմամշակութային հուշարձանների պահպանման և հանրահռչակման նպատակով: Առաջին կանգառը, որ կատարեցին նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Նարինե Թուխիկյանը, Հայկանուշ Դանիելյանի տունն էր: Օպերային լեգենդար երգչուհին այդ տանն ապրել է 1932 թ.-ից: Նրա թոռնուհիները խոստացան, որ ինչպես այս տասնամյակների ընթացքում պահել ու պահպանել են տունը, այնպես էլ կշարունակեն՝ չփոխելով ոչ մի քար ու չխախտելով նաև տատի ձևավորած ավանդույթները:
Այնուհետև արշավը շարունակվեց դեպի գրողների միություն: Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին ևս նախարարը հանձնեց խորհրդանշական նամակը:
Արայիկ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրազեկման արշավին կարող են միանալ կամավորներ և պատմամշակութային արժեք ունեցող բոլոր շինություններում ապրող ու աշխատող մարդկանց դռները թակելով փոխանցել հորդորը:
Իրազեկման ակցիան շարունակվելու է նաև մարզերում: Նարինե Թուխիկյանը վկայակոչեց մարզերում այնպիսի դեպքեր, որ պատմամշակութային տարածքներն այսօր դարձել են գերեզմաններ: Եվ չբացառեց նաև, որ դա ոչ թե դիտավորություն է, այլ՝ պարզապես չիրազեկվածության պատճառ: