Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆա Խաֆթարը մերժել է Ռուսաստանից և Թուրքիայից հնչած և իրեն ուղղված հրադադարի մասին կոչերը: Այս մասին հաղորդում է թուրքական Daily Sabah-ը և հիշեցնում, որ Լիբիայի հակամարտության սրման ընթացքում, որ ուղեկցվում էր պատերազմող կողմերի միջև ռազմական բախումներով և փոխադարձ ավիահարվածներով, Անկարայի և Մոսկվայի դիրքորոշումները համընկել են:
Ըստ Daily Sabah-ի՝ Ստամբուլում ռուս-թուրքական բանակցություններից հետո նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ կոչով են հանդես եկել՝ Տրիպոլիում և այլ քաղաքներում իրավիճակի կարգավորման, բռնության դադարեցման, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղ բանակցությունները շարունակելու վերաբերյալ:
Ռուս-թուրքական համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ լիբիական հակամարտությունը «սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը, նպաստում է չկառավարվող միգրացիային, զենքի և ահաբեկչության տարածմանն ու այլ հանցավոր գործողություններին»:
Sabah-ը գրում է, որ հրադադարի հասնելը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով իրավիճակի վերջին սրացումն ու Լիբիայի ռազմական դաշինքների անկայուն բնույթը: Մանավանդ, ամիսներ շարունակ, ՄԱԿ-ը փորձում է ճանապարհ հարթել հրադադարի և բանակցությունների համար, բայց տեսանելի արդյունքներ չեն գրանցվում:
Daily Sabah-ը ափսոսանքով է նշում, որ Պուտինի և Էրդողանի կոչերից հետո անգամ, հաջորդ երկու օրերի ընթացքում, Լիբիայի կառավարական ուժերն ու մարշալ Խաֆթարի բանակը օդային գրոհներ իրականացրին միմյանց նկատմամբ, իսկ Էլ-Վաշկայի շրջակայքում կատաղի ռազմական բախման մեջ մտան: