Իրաքի շիաների գլխավոր կրոնական առաջնորդ Ալի Սիստանին դատապարտել է Իրաքի տարածքը Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտության վայր դարձնելու երևույթը: Այդ մասին, քրդական Rudaw-ի փոխանցմամբ, Սիստանին հայտարարել է շիաների համար սրբազան համարվող Քարբալա քաղաքում, Իրաքի խաղաղության համար բարձրացված աղոթքից հետո:
«Տարբեր կողմերի կողմից ուժի և ազդեցության միջոցով Իրաքի տարածքի գործածումն իրենց վեճերը լուծելու համար միայն ուժեղացնում է ճգնաժամը՝ հեռացնելով դրա հանգուցալուծումը»,- ասել է Սիստանին:
Իրաքի շիաների կրոնական առաջնորդը նաև շեշտել է, որ ոչ մի օտար տերություն իրավունք չունի որոշել Իրաքի ճակատագիրը և պարտավոր է հարգել երկրի ինքնիշխանությունը:
«Ընդ որում, վերջին վտանգավոր ագրեսիվ գործողությունները, որոնք անընդհատ խախտում են Իրաքի ինքնիշխանությունը, տարածաշրջանում վատթարացող իրավիճակի մի մասն են կազմում միայն»,- ավելացրել է հոգևոր առաջնորդը:
Հիշեցնենք, որ Սիստանին համարվում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, այսպես կոչված, «մրցակից այաթոլլան»: Որոշ լուրերի համաձայն, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին շատ բան էր անում՝ երկու կրոնական առաջնորդների միջև առկա կնճիռները հարթելու համար: