Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ հետախուզական տվյալների համաձայն՝ Թեհրանում վթարված ուկրաինական ինքնաթիռը խոցվել է ցամաքից արձակված հրթիռի միջոցով՝ գրում է Sky News-ը:
Թրյուդոն այս դեպքն անվանել էր «ողբերգություն, որը ցնցեց ոչ միայն Կանադան, այլև աշխարհի մնացած հատվածը»:
Ըստ պարբերականի՝ Թեհրանը մերժում է այս տեղեկությունը: Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին նման հայտարարություններին «Իրանի դեմ հոգեբանական պատերազմ» որակումն է տվել:
«Բոլոր այն երկրները, որոնց քաղաքացիները եղել են ինքնաթիռում, կարող են ներկայացուցիչներ ուղարկել: Կոչ ենք անում նաև Boeing-ին ուղարկել իր ներկայացուցչին՝ սև արկղերի վերծանմանը մասնակցելու համար»,- ասել է Ռաբիին:
Sky News-ը հիշեցնում է, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնյաները վստահություն հայտնեցին, թե Իրանում վթարի ենթարկված ուղևորատար ինքնաթիռը հրթիռակոծվել է իրանական հրթիռով: Միևնույն ժամանակ, մեկնաբանելով իրավիճակը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «ինչ-որ մեկը կարող էր սխալված լինել»:
Թրամփի հայտարարությունից հետո էլ պաշտոնական աղբյուրներից մեկը հայտարարել էր, որ ինքնաթիռի կործանումից անմիջապես առաջ ԱՄՆ արբանյակները արձանագրել են երկու հրթիռի արձակումը, իսկ վթարից առաջ պայթյուն է տեղի ունեցել: