Թեհրանում կործանված ուկրաինական օդանավը խոցել է իրանական հրթիռը: Այս մասին խոստովանել են Իրանի իշխանությունները: Associated Press գործակալությունը, հղում կատարելով Իսլամական Հանրապետության ղեկավարությանը, նշել է, որ օդանավը խոցվել է ոչ միտումնավոր: Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր հերթին գրել է․
«ԶՈՒ ներքին հետաքննությունը տարել է եզրահանգման, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռները հանգեցրել են ուկրաինական օդանավի սոսկալի աղետի և 176 անմեղ մարդկանց մահվան։ Հետաքննությունը կշարունակվի այդ մեծ ողբերգության ու աններելի սխալի պատճառները պարզելու և օրենքով հետապնդելու համար»։
Նա հայտնել է նաև երկրի ՀՕՊ համակարգում թերությունները շտկելու անհրաժեշտության և փոխհատուցման համար քայլեր ձեռնարկելու մասին։
Ինքնաթիռը մարդկային սխալի ու պատահականության հետևանքով է խոցվել, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել։ Դա տեղի է ունեցել «բարձրացված մարտական պատրաստվածության» պայմաններում՝ կապված Իրանի հրթիռային հարվածներին ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ։