Ֆրանսիայում լույս է տեսել ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի ֆրանսերեն տարբերակը` այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Այդ կապակցությամբ պատմաբանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le monde պարբերականին։ Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը ժխտողները հաճախ հիմնականում պնդում են, թե 1915-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան։
«Սպանության հրամաններն ի չիք են դարձնում բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելության մասին։ Թուրքիայում ժխտողականությունը խոր արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Այս առումով այդ ժխտողականությունը կարող ենք համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ռեժիմի խտրական գաղափարախոսության հետ։ Ժխտողականությունը հնարավոր է միայն հաղթահարել քաղաքականապես։ Այդ ամենը պետք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն։ Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում հաստատվի ժողովրդավարություն»,- ասել է Աքչամը։
Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը՝ Աքչամն ընդգծել է. «Դա պատմական որոշում էր։ Այն խորհրդանշեց հին դարաշրջանի ավարտի և նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ ես տեսնում եմ ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովրդի բարոյական հաղթանակը»։