Ադրբեջանում գերեվարված, ապա 20 տարի ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով փաստաբան Արա Ղազարյանը երկուշաբթի ևս մեկ դիմում կուղարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Պաշտպանական խումբը դեռ հուլիսին Եվրադատարան գանգատ էր ներկայացրել, որի մի մասն էլ վերաբերում էր Կարենի դատավարությանը: Փաստաբանը պնդում է՝ այս գործը տարբերվում է մյուսներից. Կարենը կալանքի տակ է պահվում առանց արտաքին աշխարհի հետ որևէ կապի, իսկ դա համարվում է մարդու իրավունքների կոպիտ խախտում: Արա Ղազարյանը «Լուրերին» նաև ասել է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում չի կարող անձը տարիուկես պահվել բացարձակապես առանց արտաքին աշխարհի հետ շփման, կալանավայրում:
Մեկուկես տարի է՝ Բերդավանում բնակվող ծնողները հնարավորություն չեն ունեցել խոսել Կարենի հետ: Ադրբեջանում դատավարության տեսանյութում երևում է՝ Կարեն Ղազարյանի կողքին չկա փաստաբան, միայն ոստիկաններ են:
Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ փաստաբանի, ընդհանուր իրավական համակարգի բաղկացուցիչ մաս են, և պետք է գործակցեն Մինսկի կոնվենցիայի շրջանակում, ինչն Ադրբեջանը մշտապես մերժում է:
Ադրբեջանում պահվող Կարեն Ղազարյանի մասին ծնողները կցկտուր տեղեկություններ ստանում են միայն Կարմիր խաչի միջոցով: