Աբխազիայի ընդդիմությունը դեռևս իր վերահսկողության տակ է պահում Սուխումում նախագահի նստավայրի շենքը: Տասնյակ ակտիվիստներ տեղակայվել են շենքի մուտքի մոտ, որոշ ընդդիմադիրներն էլ ներխուժել են մի քանի աշխատասենյակ:
Նախագահի նստավայրի որոշ սենյակներում քաոսային իրավիճակ է՝ կահույքը շրջված է, պատուհանները կոտրված են:
Ընդդիմադիր ցուցարարները մտադրություն չունեն լքել շենքն այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Ռաուլ Հաջիմբան վայր չի դրել լիազորությունները:
Հիշեցնենք, որ ուրբաթ Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որն ուժի մեջ էր թողել 2019-ի աշնանն անցկացված նախագահի ընտրությունների արդյունքները, որում հաղթել էր Հաջիմբան, և նոր ընտրությունների անցկացման որոշում կայացրել:
Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահի հրաժարականի օգտին: Ավելի վաղ Հաջիմբան հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, սակայն ընդդիմության հետ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել: