ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Վաշինգթոնը մտադիր չէ Իրաքի հետ քննարկել այդ երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Այս պահին ցանկացած պատվիրակություն, որ կուղարկվի Իրաք, չի քննարկի զորքերի դուրսբերումն, այլ զբաղված կլինի մեր ռազմավարական գործընկերության վերահաստատմամբ և այն բանով, թե ինչպես ճիշտ և պատշաճ կերպով տեղակայենք մեր ուժերը Մերձավոր Արևելքում»,- ասվում է հայտարարության մեջ: .
Պետդեպարտամենտը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «Մերձավոր Արևելքում բարու ուժ են», իսկ Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայության նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, որովհետև ԱՄՆ-ը պարտավոր է պաշտպանել ամերիկացիներին, իրաքցիներին և կոալիցիոն գործընկերներին:
«Այսօր ՆԱՏՕ-ի պատվիրակությունը գտնվում է Պետդեպարտամենտում՝ քննարկելու Իրաքում ՆԱՏՕ-ի դերի բարձրացումը, համաձայն նախագահի՝ կոլեկտիվ անվտանգությանն ուղղված մեր ջանքերի բաշխման ցանկության: Այնուամենայնիվ, հարկ է, որ ԱՄՆ-ի և Իրաքի կառավարությունների միջև զրույց ընթանա ոչ միայն անվտանգության, այլև մեր ֆինանսական, տնտեսական և դիվանագիտական համագործակցության մասին: Մենք ցանկանում ենք ինքնիշխան, բարեկեցիկ և կայուն Իրաքի գործընկերը լինել»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրաքի վարչապետ Ադիլ Աբդել Մահդին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել էր Իրաքից օտարերկրյա զորքերի դուրսբերման մեխանիզմներ մշակելու համար ներկայացուցչություն ուղարկել Բաղդադ: Իսկ հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը որոշում կայացրեց օտարերկրյա զորքերը դուրս բերել պետության տարածքից: