Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ է արձանագրվել՝ հայտնել են առողջապահության նախարարությունից:
Այսօր հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ, որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված դեպքերը նվազել են: 2020 թ. հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը, 1.7 անգամ նվազել են նաև թոքաբորբերով հոսպիտալացումները: Նախարարությունից հայտնել են, որ բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ (նախորդ տարվա 50-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են 0-5 տարեկան երեխաները:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստել են, որ հանրապետությունում, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից, շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ: Երեկ արձանագրվել է մահվան մեկ դեպք: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը:
Նախարարությունից զգուշացնում են, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում, և առողջ ազգաբնակչությունը ևս կարող է ստանալ պատվաստում։