Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ Օտտավան կաջակցի Կիևին՝ Թեհրանում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի վթարի հետաքննության հարցում: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից:
«Կանադայի կառավարության ղեկավարն իր հերթին ցավակցություն է հայտնել Վոլոդիմիր Զելենսկուն՝ օդանավում վթարի ենթարկված ուկրաինացի քաղաքացիների մահվան կապակցությամբ, և նշել, որ Ուկրաինան կարող է հույս դնել Կանադայի ցանկացած օգնության վրա՝ հետաքննություն իրականացնելիս»,- ասվում է հայտարարության մեջ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է Կիևի շահագրգռվածության վերաբերյալ՝ ողբերգության թափանցիկ և օբյեկտիվ հետաքննության, ինչպես նաև ճշմարտության հաստատման գործում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը դրանից առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ քննարկել էր Թեհրանում տեղի ունեցած վթարի հետաքննության հետ կապված հարցեր:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 8-ին Ուկրաինայի միջազգային ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Իրանի մայրաքաղաքում, որի ընթացքում զոհվել էին 176 հոգի: Մեծ մասը՝ 63 ուղևոր, Կանադայի քաղաքացի էին: