Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Նարեկ Սարգսյանի կալանավորումը ավելի վաղ վերահաստատվել էր դեկտեմբերի 24-ին, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը։
Սարգսյանը մեղադրվում է 2018 թ. հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու համար:
2018 թվականի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Մեկ տարի անց նա հայտնաբերվել էր Պրահայում՝ փաստաթղթերի ստուգման ժամանակ ներկայացնելով Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:
Դեկտեմբերի 10-ին արդեն ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ իրենց միջնորդությունը բավարարվել է, և Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի ՀՀ: Դեկտեմբերի 21-ին նա ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան: