Հունվարի 10-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան կողմից ԱԻՆ-ին նվիրաբերված՝ հրդեհաշիջման համար նախատեսված շուրջ 1500 միավոր գույքի և գործիքների (102.000 ԱՄՆ դոլար արժողությամբ) հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լի Թրեյսին:
Նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպան տիկին Լի Թրեյսիին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությանը և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակին՝ ԱԻՆ-ի հետ արդյունավետ համագործակցության և աջակցության համար, որը սկսվել է դեռևս 2003 թվականին:
2003 թ. սկիզբ է դրվել Կանզաս-Հայաստան համագործակցությանը, որի շրջանակներում մինչ այսօր իրականացվել են մի շարք փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, անցկացվել են կոնֆերանսներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրերով շուրջ մեկ միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ գույք է տրվել, իրականացվել են հրշեջ-փրկարարական մի շարք ջոկատների, բազաների վերակառուցման, արդիականացման ու վերանորոգման աշխատանքներ:
«Լիահույս եմ, որ մեր միջև առկա բարեկամական փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ, և վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև փոխհարաբերությունները վերջին տարիներին գրանցել են շարունակական առաջընթաց և զարգացում՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի»,- շեշտեց նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսին գոհունակությամբ արձանագրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱԻՆ-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը:
Տիկին Լի Թրեյսին նաև հույս հայտնեց, որ նվիրաբերված գույքը և գործիքները կնպաստեն ԱԻՆ Փրկարար ծառայության կարողությունների ավելացմանը:
«1500 միավոր հրդեհաշիջման գործիքները, որոնք նախատեսված են վայրի բնության հրդեհների դեմ պայքարելու համար, կնպաստեն նման հրդեհներին արձագանքելու ու հետևանքները մեղմացնելու կարողությունների զարգացմանը Հայաստանում։ Այս նվիրատվությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ հարաբերությունների հերթական օրինակներից մեկն է»,- նշեց տիկին Լի Թրեյսին:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսին շրջեցին ԱԻՆ շարահրապարակում, ուսումնասիրեցին նվիրաբերված գույքը և գործիքները:
2019-2021 թթ. ընթացքում ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում կիրականացվեն հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում Գյումրիում և Աշոցքում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական շենքեր, իսկ Ախուրյանում և Անիում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ: