Թեհրանը սկսել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի «սև արկղերի» տվյալների վերծանման գործընթացը, հայտնում է BBC-ն: Իրանը ԱՄՆ-ին հրավիրել է մասնակցելու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի վթարի հետաքննությանը: Վթարի հետաքննությանը մասնակցելու թույլտվություն է տրվել նաև Ուկրաինայի, Ֆրանսիայի և Կանադայի փորձագետներին: Կանադայի տասը ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն արդեն ուղևորվել Է Թեհրան: Իրանցի պաշտոնյաները պնդում են, որ ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է, քանի որ այն ավելի քան մեկուկես րոպե թռել է կրակով բռնկած: Ըստ Lenta.ru-ի՝ իրանական կողմը կտրականապես հերքում է շրջանառվող վարկածը, որի համաձայն՝ ուկրաինական Boeing 737-ը հնարավոր է՝ կործանվել է իրանական «երկիր-օդ» տիպի հրթիռի հարվածից: Այդ դիրքորոշումն ունեն Ուկրաինան, Կանադան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը: Վերջինը պնդում է, որ ինքնաթիռը խոցել են ռուսական երկու հրթիռով: Այնուամենայնիվ, այս տեսակետի կողմնակիցները նաև նշում են, որ օդանավի կործանումը պատահականություն է:
Հույսեր կան, որ 176 մարդու մահվան պատճառ դարձած աղետի պատճառները կպարզվեն ինքնաթիռի սև արկղերի վերծանումից հետո, որն, ըստ իրանցի մասնագետների, կտևի 1-2 ամիս, իսկ վթարի գործով հետաքննությունը՝ մոտ երկու տարի: