Ներկայումս Եվրոպայում ապաստան գտած ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրությունները ի սկզբանե կեղծիք են, և օրենսդիր մարմնում կհայտնվեն բացառապես Իլհամ Ալիևի թույլտվությամբ հաստատված թեկնածուները:
Մամեդովի խոսքով՝ դա հիանալի հասկանում են նաև Եվրախորհրդարանում, և այդ պատճառով է, որ կառույցը մտադիր չէ դիտորդներ ուղարկել ընտրություններին: Մամեդովը վստահ է, որ քանի դեռ Ադրբեջանի ժողովուրդը փոփոխություններ չի պահանջում, եվրոպական երկրները չեն կարող օգնել:
Նախկին դիվանագետն անդրադարձել է նաև հայաստանյան իրադարձություններին՝ նշելով, որ ծնելիության խթանման ծրագիրը (երբ առաջին և երկրորդ երեխայի համար միանվագ վճարվում է 300 հազար դրամ) հնարավոր է դարձել կոռուպցիայի դեմ հաջող պայքարի շնորհիվ:
Ադրբեջանցի նախկին դիվանագետը բարձր է արտահայտվել նաև Հայաստանի առողջապահական ոլորտի մասին՝ նշելով, որ մի շարք հիվանդություններ, ինչպես նաև զինվորականների բուժումն իրականացվում է պետության հաշվին:
Մամեդովը նաև նշել է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը, սոցիալական նպաստներն ու թոշակներն ավելի բարձր են, քան Ադրբեջանում: Նման հաջողությունների պատճառը, Մամեդովի համոզմամբ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն է: