Այսօր վերսկսվեց «Մարտի 1»-ի դատավարությունը: Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը տևեց մոտ մեկուկես ժամ: Մեղադրյալներ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստել էին նույնաբովանդակ դիմում՝ իրենց պաշտպանյալների քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Մինչդեռ, Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի՝ այլ նիստի շտապելու պատճառով, դիմումների քննարկումն այսօր հետաձգվեց:
Նիստից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին ասաց, որ պատրաստվում են նաև դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: Իսկ նշված միջնորդությունները բոլոր պաշտպանները կներկայացնեն միասնական, որպեսզի մեկ որոշում լինի:
Ի դեպ, վիճաբանություն տեղի ունեցավ նիստի ժամանակ: Տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը, առարկելով պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության դեմ, ասաց.
«Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, այլապես կհայտնվեն մեր տեղում»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենց հասցեին սպառնալիք է հնչել: Նա խնդրեց տրամադրել դատական նիստի ձայնագրությունը, որպեսզի ամբողջովին լսի տուժողի ներկայացուցչի խոսքը և կարողանա արձագանքել դրան:
Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց, որ դիմում են դատարանին՝ դատական նիստի ձայնագրությունը հրապարակելու համար: Դատավորը հայտնեց, որ այս պահին դա հնարավոր չէ, ավելի ուշ կտրամադրվի: Իրավիճակը լարվեց նաև նիստերի դահլիճում, ինչից հետո կարգադրիչները քաղաքացիներից մեկին դուրս հրավիրեցին դահլիճից:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին: