Սիրիայում ԱՄՆ զինվորականները լքել են իրենց երկու ռազմաբազաները՝ տեղափոխվելով Իրաք: Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:
Նշվում է, որ զինծառայողներն ու ռազմական տեխնիկայով լի մոտ 40 բեռնատար ավտոմեքենա սիրիական Հասակա նահանգի Խորաբ-Ջեյր տեղանքից ուղևորվել է Իրաք: Ռազմական տեխնիկայով 50 բեռնատար էլ դուրս է եկել սիրիական Շադադի քաղաքում տեղակայված ռազմաբազայից և ուղևորվել դեպի Իրաքի սահման:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանը հրթիռակոծեց Իրաքում գտնվող ԱՄՆ երկու ռազմաբազաները: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ դա պատասխան էր իրենց նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Հիշեցնենք նաև, որ մեկ օր առաջ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ ոչ միայն մտադրություն չունեն լքել Իրաքը, այլև պատրաստվում են այնտեղ 200 հավելյալ զինվորական տեղափոխել՝ նրանց ամրացնելով ռազմական տեխնիկայով և ուղղաթիռներով: