Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զբոսաշրջության ոլորտի սպասարկման խնդիրներին, կարևորել է նաև սանհանգույցների խնդիրը: Վարչապետն ընդգծել է, որ չի կարելի 500.000-դոլարանոց շինություն կառուցել և սանհանգույցի համար 50 դոլար չծախսել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում միջպետական նշանակության ճանապարհների երկայնքին գտնվող բոլոր գազալցակայաններում երկու անգամ անցկացվել են ստուգումներ և մոտ 80 տոկոսով հագեցվել են նորմալ զուգարաններով: Պապիկյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը պետք է ունենա ոչ պատշաճ կերպով սպասարկող գազալցակայանների գործունեությունը արգելելու լիազորություններ, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա դրա լրջությունը, պետք է կոշտ միջոցների հնարավորություն, ընդհուպ գործունեության արգելք:
Վարչապետն ընդգծել է, որ պետք է մեխանիզմներ գտնել և չափանիշներին չհամապատասխանող օբյեկտների գործունեությունը կասեցնել, մինչև ներդրումներ կարվեն, և այդ խնդիրները կլուծվեն: