Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այս տարվա առաջին նիստը սկսել է աշխատանքն ու կրթությունը կարևորելով:
«Հայաստանի Հանրապետությունում աշխատանքն է աղքատությունը հաղթահարելու, բարեկեցություն հաստատելու միջոցը: Եվ հիմա Հայաստանում աշխատանքի համար ստեղծված է բավարար դաշտ: Չաշխատող մարդը չի կարող լավ ապրել: Չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել: Հետևաբար մեր խնդիրն է՝ աշխատանքի համար ստեղծել հնարավոր բոլոր լավ պայմանները: Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու: Այդ մարդն առնվազն պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը և օգնի կառավարությանը, իրեն՝ վեր կենալ բազմոցից: Երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձևը կրթությունն է: Նկատի ունեմ՝ ոչ միայն նախնական, բարձրագույն կամ հետբուհական, այլև՝ ամենօրյա կրթությունը»,- ասել է վարչապետ Փաշինյանը: