Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ քվեարկեց վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացրած Brexit-ի համաձայնագրի օգտին՝ ավելի քան չորս տասնամյակ անդամակցելուց հետո ճանապարհ բացելով Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս բերելու համար:
Այսպիսով, երրորդ ընթերցմանը հաջորդած քվեարկությամբ օրինագիծը հաղթահարեց իր ամենամեծ խոչընդոտը. դրան կողմ քվեարկեցին Համայնքների պալատի 330 հոգի, դեմ՝ 231-ը, վերջ տալով 2016-ի Brexit-ի հանրաքվեից հետո սկսված եռամյա քաղաքական վեճերին:
Brexit-ն այժմ անդառնալի է՝ պնդում է BBC-ն, հավելելով, որ Բրիտանիան, այնուամենայնիվ, դեռ պիտի հասկանա, թե որքան ժամանակ այն կտևի: Հինգշաբթի օրը, նախքան Լորդերի պալատ ուղարկելը, Համայնքների պալատի անդամներին վերջին հնարավորությունն էր տրվել՝ մերժելու օրինագիծը, որից հետո, առաջիկա շաբաթների ընթացքում, այն պետք է վավերացվի:
BBC-ն հիշեցնում է, որ անցած տարվա ընթացքում գործարքը մի քանի անգամ ձախողվել էր, և պարզ չէր՝ պառակտված պալատի պայմաններում Brexit-ը երբևէ տեղի կունենա՞, թե ոչ: Բայց հինգշաբթի օրվա խորհրդարանական քվեարկությունը կտրուկ կոնտրաստ ստեղծեց անցած տարի բրիտանական քաղաքականության իրարանցման ֆոնին, որ ավարտվեց նախկին վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականով:
Ջոնսոնի պլանը, ըստ էության, նույնն է, ինչ Մեյինը, բայց այն նախորդ վարչապետի հյուսիսիռլանդական մեխանիզմը փոխարինում է Իռլանդական ծովում ստեղծվելիք իրական մաքսային սահմանով, որ կձգվի Հյուսիսային Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի մնացած մասի միջև: Մի բան, որ Մեյի մայիսյան գործարքի դեպքում սակարկման առարկա էր:
Միով բանիվ, Brexit-ն անխուսափելի դարձավ, երբ Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը վերջին ամսվա վաղաժամկետ ընտրություններում 650 տեղերից 365-ը ստացավ: Մյուս կողմից էլ՝ քվեարկությունից առաջ ընդամենը մի քանի տասնյակ պատգամավորներ դիմեցին քննարկումներին մասնակցելու համար, իսկ պալատը համարյա դատարկ էր:
Վարչապետ Ջոնսոնն այժմ պատրաստ է իր երկիրը ԵՄ-ից դուրս բերել հունվարի 31-ին՝ նախնական պլանավորումից մոտ 10 ամիս անց: Դիտորդները, սակայն, ընդգծում են, որ Brexit-ը երկրորդ և առավել մշուշոտ փուլ է մտնում, որովհետև սկսվում են ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ լուրջ բանակցությունները: Իսկ մինչ այդ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ առևտրի կանոններին ենթակա՝ մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը:
Ջոնսոնը հայտարարել է, որ հույս ունի՝ մինչև այդ պահն ավարտել գործարքը, սակայն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չորեքշաբթի օրը Լոնդոնում հայտարարեց, որ ժամանակը քիչ է և ակնարկեց պոտենցիալ առևտրային խոչընդոտների վերաբերյալ, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից՝ առանց առևտրային համաձայնության: