Առողջապահության նախարարությունը Մարալիկի ծննդատան փակվելու որոշումով ֆինանսական տնտեսում չի անում՝ Կառավարության նիստից հետո ասել է նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Մարալիկում ծննդատան փակման դեմ բողոքող քաղաքացիները փակել էին համայնքի միջպետական ճանապարհը։
Նախարարի խոսքով՝ դեռևս 2018 թվականին որոշվել էր վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը:
«Եթե կա մեկ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է տարեկան 1000 վիրահատություն, և մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է նմանատիպ 100 վիրահատություն, ապա միանշանակ է, որ 1000 վիրահատություն կատարող բժշկական կենտրոնն ավելի որակյալ է, այնտեղ մահացության դեպքերն ավելի քիչ են, հիվանդի փրկվելու հավանականությունն ավելի մեծ է»,- ասել է Ա.Թորոսյանը՝ ավելացնելով, որ նույնը կարելի է կիրառել նաև ծննդօգնության պարագայում:
Նախարարը նշել է, որ որոշվել է ամենացածր շեմ սահմանել 150 ծնունդը: «Մենք մեկ բացառություն էինք գրել, որ աշխարհագրական անհասանելիության դեպքում կարող ենք թույլ տալ, որ 150-ից ցածր լինեն Բերդը, Ճամբարակը և Մեղրին։ Մնացած բոլոր դեպքերում հաշվարկվել է և որոշում է կայացվել, որ այդ հասանելիությունն ապահովված է»,- նշել է նա։