Ռուսական և արտասահմանյան ավիաընկերությունները որոշել են չվերթներ չիրականացնել Իրանի և Իրաքի, ինչպես նաև Պարսից և Օմանի ծոցերի վրայով՝ տարածաշրջանում քաղաքական լարվածության պատճառով:
Ինչի՞ սա կհանգեցնի, ինչո՞վ է այս իրավիճակը սպառնում հասարակ քաղաքացիներին՝ հարց է բարձրացնում BBC-ն և անմիջապես էլ պատասխանում, որ չվերթների ուղղության փոփոխությունը կարող է հանգեցնել տոմսերի թանկացմանը, հավելյալ խնդիրներ ստեղծելով ուղևորների համար:
Ի դեպ, այս տեսակետը հաստատել է նաև Ռուսաստանի տուրիստական արդյունաբերության միության խոսնակ Իրինա Տյուրինան, որը նաև ընդգծել է, որ ամեն ինչից բացի՝ թռիչքները նաև ավելի երկար կտևեն: Օրինակ՝ ռուսական ավիաընկերությունները 16 րոպեով կավելացնեն թռիչքի ժամանակը Внуково օդանավակայանից դեպի հնդկական Գոա, Սանկտ Պետերբուրգ - Շարժա (ԱՄԷ) թռիչքը կկատարվի Սոչիի օդանավակայանում տեխնիկական վայրէջքով՝ ինքնաթիռը վերալիցքավորելու համար, ինչի հետևանքով թռիչքի ժամանակը կավելանա 1 ժամ 42 րոպեով: Եկատերինբուրգ-Շարժա երթուղով թռիչքը նույնպես կավելանա 1 ժամ 21 րոպեով և այլն:
BBC-ի փոխանցմամբ՝ այս պարագայում կշահեն միայն մերձավորարևելյան ավիաընկերությունները, որովհետև ի տարբերություն նրանց, որ շարունակում են թռչել Իրաքի և Իրանի երկնքով, հունվարի 8-ից հետո, երբ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) պնդեց, որ ավիափոխադրողները չթռչեն իրաքյան օդային տարածքով, բոլոր եվրոպական ավիափոխադրողները փոխեցին իրենց երթուղիները:
Նույն վիճակն է ԱՄՆ-ում, որի Դաշնային ավիացիոն վարչությունը դեռ մինչև այս վթարն էր արգելել ԱՄՆ-ի ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Իրանի, Իրաքի և Պարսից ծոցի տարածքների վրայով:
«Միշտ կան ուղևորներ, որոնց համար որոշիչ գործոն է գինը»,- գրում է BBC-ն՝ բացատրելով, որ երթուղիները կարգավորող ընկերությունները ոչ միայն կբարձրացնեն ծախսերը, այլև կկանգնեն ավելի քիչ հաճախորդներ ունենալու փաստի առջև: