Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հունվարի 9-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թաքցնում են իրաքյան Ayn al-Asad ավիաբազայի վրա Թեհրանի հրթիռային հարձակման հետևանքները: Այս մասին հաղորդում է Jamara.ir-ը՝ կրկնելով ԻՀՊԿ այն ուղերձը, թե սա նահատակ Ղասեմ Սոլեյմանիի սպանության դիմաց պատասխան գործողությունների առաջին և փոքրիկ դրվագն էր:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապակողմնորոշում է հասարակությանը՝ պնդելով, թե հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել,քանի որ իրենց տվյալներով՝ ամերիկյան ավիաբազայից մոտ 80 վիրավորներ ուղղաթիռով տեղափոխվել են Իսրայելի, Հորդանանի և Բաղդադի հիվանդանոցներ:
Գեներալը նաև նշել է, որ հրթիռային հարձակման թիրախ է ընտրվել խոշորագույն ավիաբազաներից մեկը՝ ամերիկյան «ռազմական մեքենային և հրամանատարական կենտրոնին առավելագույն վնաս պատճառելու» նպատակով:
Իսրայելական մամուլն այս առիթով պնդում է, թե ԱՄՆ վիրավոր զինվորականների մասին իրանական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց կողմից տարածվող հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում: Մասնավորապես, Haaretz-ը պնդում է, որ Իսրայել (Իխիլովի կլինիկա) հասցված վիրավորների մասին տեղեկատվությունը տարածվել է կեղծ Twitter-յան օգտատիրոջ կողմից, որն, իբր, կոտրել է իսրայելցի լրագրող Ջեկ Խուրի էջը և նրա անունից հանդես եկել: Նույն պարբերականի փոխանցմամբ՝ Twitter-ն արդեն ջնջել է կեղծ օգտատիրոջ հաշիվը, որն օգտագործվում էր ապատեղեկատվություն տարածելու համար:
Մյուս կողմից էլ՝ ոչ ոք չի կարողացել մուտք գործել Իխիլովի կլինիկա, և դժվար է ասել՝ կա՞ն այնտեղ վիրավոր ամերիկյան զինվորներ, թե՞ ոչ: