Այսօր երեկոյան ժ. 20.15-ի սահմաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես խոսեց Իրանի հրթիռային հարվածի վերաբերյալ՝ հայտարարելով, որ որևէ ամերիկացի չի զոհվել ավիահարվածների արդյունքում, իսկ երկու ռազմաբազաների ավերածությունները նվազագույնի են հասնում: Փոխարենը՝ Թրամփը խոստացավ կանխել Իսլամական հանրապետության՝ միջուկային տերություն դառնալու հնարավորությունը:
«Քանի դեռ ես նախագահ եմ, Իրանը երբեք չի լինի միջուկային տերություն»,- հայտարարեց Թրամփը՝ Սպիտակ տանը հրավիրած ճեպազրույցի ընթացքում:
Ընդ որում, հարկ է նշել, որ ճեպազրույցին Թրամփը ժամանեց մոտ կես ժամ ուշացումով. մինչ այդ սրահում հավաքված էին երկրի բոլոր ուժային կառույցների ղեկավարները:
Ճեպազրույցը, սակայն, BBC-ի փոխանցմամբ, չարդարացրեց շատերի սպասումները, կամ՝ շատերին ստիպեց հանգիստ շունչ քաշել, որովհետև ԱՄՆ նախագահը նոր հրթիռային հարվածների փոխարեն դարձյա՛լ տնտեսական պատժամիջոցները նախընտրեց:
«Մենք նոր պատժամիջոցներ կկիրառենք Իրանի նկատմամբ: Այդ հզոր պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի փոխի իր պահվածքը»,- հայտարարեց Թրամփը:
Ճեպազրույցի ընթացքում Թրամփն անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ին, որն այս ամբողջ ընթացքում խիստ զուսպ պահվածք էր դրսևորել՝ հեռացնելով իր զորայիններին Իրաքից:
«Այսօր ես ՆԱՏՕ-ին կխնդրեմ ավելի ակտիվ մասնակցել Մերձավոր Արևելքի գործընթացներին»,- հայտարարեց ԱՄՆ նախագահը:
Միևնույն ժամանակ՝ Թրամփը հայտարարեց, թե Ռուսաստանի Դաշնությունն ու մնացած երկրները պետք է չեղարկեն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը:
«Ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը ճանաչեն իրականությունը: Նրանք պետք է պետք է դուրս գան ՀԳՀԾ-ից»,- ասաց Սպիտակ տան ղեկավարը:
Հիշեցնենք, որ Իրանի հրթիռային հարձակումից հետո ԱՄՆ նախագահն անսովոր կերպով և ուղիղ 16 ժամ լռեց՝ առանց մեկ թվիթ անգամ անելու: Մյուս կողմից՝ նրա խոսնակը հայտարարեց, որ Թրամփն աշխատում է, ակտիվորեն խորհրդակցելով ազգային անվտանգության խորհրդականների հետ:
Այդ ընթացքում, չնայած՝ 80 զոհերի մասին տեղեկատվությանը, Պենտագոնի աղբյուրը CNN-ի թղթակցին հայտնել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ասես՝ դիտավորյալ, կրակել է հատկապես այն օբյեկտների վրա և այնպես, որպեսզի խուսափի մարդկային զոհերից, կատարվածը մի տեսակ խորհրդանշական դարձնելով: Կամ ինչպես Խամենեին էր ասել՝ պարզապես ԱՄՆ-ին ապտակ հասցնելով: