Եվրամիությունը ձեռնպահ է մնացել Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա իրանական գրոհի ուղղակի դատապարտումից: Եվրահանձնաժողովի նախագահը, սակայն, Բրյուսելում անհանգստություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ:
«Մենք պետք է անհապաղ դադարեցնենք զենքի գործածումը՝ երկխոսությանը տեղ տալու համար: Բոլո՛րս ենք կոչված ենք օգնելու՝ վերսկսել բանակցությունները, որոնք չափազանց անհրաժեշտ են»,- Euronews-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ եվրահանձնակատարների կոլեգիայի առաջին հանդիպումից հետո:
Այն, ի դեպ, հիմնականում նվիրված էր Մերձավոր Արևելքում ծավալված իրադարձություններին, ինչի առիթով Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հույս հայտնեց, որ 2015 թվականին Ռուսաստանի մասնակցությամբ ընդունված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը դեռևս հնարավոր է կյանքի կոչել:
«Մենք գործընկերների հետ քննարկեցինք Իրանի ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս ծրագիրն այսօր շատ ավելի կարևոր է, քան երբևէ, քանի որ այն մեզ եզակի հնարավորություն է ընձեռում ռուսների և չինացիների հետ միասին, բազմակողմանի հիմունքներով որոշելու, թե ինչպես դիմակայենք այն մարտահրավերներին, որոնց բախվում ենք»,- հայտարարել է Ժոզեպ Բորելը:
Ընդ որում, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը համոզված է, որ հենց Բրյուսելը կարող է իրական ներդրում ունենալ Վաշինգթոնի և Թեհրանի միջև հակամարտությունը թեթևացնելու գործում:
«ԵՄ-ն կարող է դառնալ կարևոր դերակատարներից մեկը, քանի որ, առաջին հերթին, խաղաղապահ առաքելություն է իրականացնում Իրաքի ներսում, բացի այդ՝ միջնորդական դերակատարում ունի ՄԱԿ-ի հետ միասին»,- այս անգամ էլ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության մասնագետ Սամուել Դովերբի Վեստերբեյը: