«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող 6 անձինք դադարեցրել են հացադուլը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«2020 թվականի հունվարի 8-ին զանգվածային մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու մասին։
Նույն օրը քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի կողմից տրվել է պարզաբանում, որ իրականում հացադուլ են հայտարարած եղել 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը։
Չնայած ներկայացված պարզաբանմանը` հունվարի 9-ին որոշ լրատվամիջոցներ շարունակում են տարածել ապատեղեկատվություն ազատությունից զրկված այդ անձանց կողմից հացադուլը շարունակելու վերաբերյալ։
Կարևորելով ճշգրտված տեղեկություն ստանալու հասարակության իրավունքը` քրեակատարողական ծառայությունը մեկ անգամ ևս իրազեկում է, որ այսօրվա դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձինք չկան։
Քրեակատարողական ծառայությունը մշտապես պատրաստակամ է տրամադրել հավաստի տեղեկատվություն, հետևաբար հորդորում է զանգվածային լրատվության միջոցներով տարածվող լուրերի իսկությունը նախապես ճշտել հանրային կապերի բաժնից»,- գրել է Ն.Նավիկյանը։