Չէր հասցրել լրանալ 2020 թվականի առաջին շաբաթը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կարողացավ Իրանի հետ հարաբերություններում ևս մի անիմաստ և վտանգավոր ճգնաժամի մեջ ընկնել», հրամայելով վերացնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին՝ գրում է Foreign Policy ամերիկյան հեղինակավոր պարբերականը:
Փորձագետի կարծիքով՝ «այս ֆիասկոն ընդհանրապես Մերձավոր Արևելքի նկատմամբ նրա (Թրամփի-խմբ.) անհեռատես քաղաքականության գրեթե անխուսափելի արդյունքն էր», ինչպես նաև մեկ այլ ապացույց առ այն, որ Վաշինգթոնն սկզբունքորեն «ի վիճակի չէ ձևավորել հետևողական և արդյունավետ ռազմավարություն՝ արդի միջազգային խնդիրների հետ կապված»:
Foreign Policy-ի կարծիքով՝ այս խնդիրը ծագել է ԱՄՆ կառավարությունների առջև նույնիսկ մինչև Թրամփը, բայց նրա «ոչ կոմպետենտությունը, իմպուլսիվությունը, խորհուրդներին ականջալուր չլինելը և երրորդ կարգի օգնականներ ընտրելու զարմանալի ունակությունը միայն սրեց խնդիրը»: Ի վերջո, իրավիճակը կարող է հանգեցնել անմեղ մարդկանց շրջանում հավելյալ զոհերի, համաշխարհային արենայում ԱՄՆ-ի հեղինակության հետագա անկմանը, կամ նույնիսկ՝ լիարժեք պատերազմի:
Այսպիսով, ըստ պարբերականի, գեներալ Սոլեյմանիի սպանությունը սխալ էր, որի պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է Թրամփի ուսերին: Ամերիկյան նախագահը, հրաժարվելով Իրանի հետ միջուկային գործարքից և կիրառելով Թեհրանի դեմ ուղղված «առավելագույն ճնշման» ռազմավարությունը, ոչ միայն չկարողացավ չեղարկել Իրանի միջուկային ծրագիրն, այլև ինքն իրեն քշեց անկյուն, երբ ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները, որոնցից հասարակ իրանցիները մեծապես են տուժում, չեն գնա ռեժիմի անկմանը և չեն ստիպի իշխանություններին՝ զիջումների գնալ:
Ստացվում է, որ Թրամփն այլ ելք չուներ, քան բարձրացնել դրույքաչափերը: Եվ երբ Իրաքի ԱՄՆ ռազմաբազաներից մեկում ամերիկյան քաղաքացի սպանվեց, նա հրամայեց՝ մի շարք իրանական թիրախների դեմ օդային հարվածներ հասցնել, որոնք երկու տասնյակ իրաքցիների մահվան պատճառ դարձան: Երբ արդեն ցուցարարները բողոքեցին ԱՄՆ դեսպանատան դիմաց, նախագահը հրամայեց չեզոքացնել Սոլեյմանիին՝ գրում է Foreign Policy-ն, հիշելով դեպքերի հաջորդականությունը:
Թեհրանի տեսակետը հասկանալու համար բավական է պատկերացնել, թե ինչպես կարձագանքեր Վաշինգթոնը՝ Միացյալ Նահանգների ԶՈՒ միացյալ շտաբի անդամի, կամ՝ արտասահմանցի հակառակորդի կողմից ԿՀՎ ղեկավարի սպանությանը: Եվ արդյունքում «ռազմավարական հարց» է առաջանում՝ արդյո՞ք այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը Միացյալ Նահանգների ազգային շահերից էր բխում, արդյո՞ք դա ամերիկացիներին ապահովում էր ավելի հանգիստ, բարեկեցիկ կյանքով: Ի վերջո, այս երկու հարցերի պատասխանն էլ «ոչ» է՝ համոզված է պարբերականի փորձագետը:
Ավելին՝ Foreign Paolicy-ն նաև համոզված է, որ այժմ Իրանը գրեթե անխուսափելիորեն կարձագանքի այնպիսի մի քայլի, որին ԱՄՆ-ն էլ կարձագանքեր, և այդ արձագանքն այնպիսին կլինի, որ առավելագույն տնտեսական և քաղաքական վնաս հասցվի Վաշինգթոնին: Երկրորդ. գեներալի սպանությունը կհանգեցնի Իրանում ազգայնական տրամադրվածության աճին և կամրապնդի կոշտ գծի կողմնակիցների դիրքերը, ինչը հետագայում կնվազեցնի ռեժիմի փոփոխության հավանականությունը: Երրորդ՝ Սուլեյմանիի սպանությունը Իրաքի հողի վրա այդ երկրի ինքնիշխանության խախտում է, ինչը միայն կվատթարացնի իրաքյան իշխանությունների առանց այդ էլ անապահով վիճակը: Չորրորդ. Թրամփն Իրանին լուրջ խթան մատուցեց՝ միջուկային զենք ձեռք բերելու համար, և Վաշինգթոնն, ի վերջո, կամ պետք է լիարժեք պատերազմ սկսի այդ երկրի հետ, կամ համակերպվի այն բանի հետ, որ Թեհրանն ատոմային ռումբ ունի:
Եվ այս ամենը՝ մի երկրի պատճառով, որը տարածաշրջանում մի շարք ամերիկացի գործընկերների հետ լուրջ կոնֆլիկտներ ունենալով հանդերձ, մինչ այժմ որևէ շոշափելի սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ անվտանգության և բարգավաճման տեսանկյունից՝ ընդգծում է Foreign Policy-ն:
Բայց սա էլ դեռ վերջը չէ. պարբերականը շեշտում է, որ Սոլեյմանիի սպանությամբ ԱՄՆ-ը ձևավորել է վտանգավոր նախադեպ. եթե նախկինում պետության ղեկավարների կողմից կազմակերպված՝ մեկ այլ երկրի պաշտոնյաների սպանություններն ընկալվում էին որպես տաբու, այժմ Վաշինգթոնի քայլերը կարող են այդ տաբուն լիովին չեզոքացնել: Եվ չնայած ամերիկացի բազե-քաղաքական գործիչները կասեն, որ Սոլեյմանիին հեռացնելն ընդունելի քայլ էր, նրանք դժվար թե ցանկանան անձամբ հայտնվել ինչ-որ մեկի սև ցուցակում: Չհաշված այն, որ Միացյալ Նահանգների համար այժմ ավելի դժվար կլինի առարկել նմանատիպ գործողություններին, որոնք կնախաձեռնեն այլ երկրներ: Բացի այդ, «չար տղաների» վերացումը հազվադեպ է օգնում լուծել քաղաքական խնդիրը, որը ճգնաժամի հիմքն է. վերջին տասնամյակների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արտաքին քաղաքական որոշակի մարտահրավերներ մարմնավորող առաջնորդները հեռացել են այս աշխարհից, սակայն, ինչ-ինչ պատճառներով, մարտահրավերները չեն շտապում հօդս ցնդել: «Օրինակ՝ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը»,- վերլուծում է փորձագետը:
Մի խոսքով, Թրամփի վարչակազմի մոտեցումն Իրանի հարցով չունի ո՛չ ռազմավարական տրամաբանություն, ո՛չ հստակ նպատակներ: Ինքը՝ Թրամփը, ինչպես նաև նրա Պետքարտուղար Մայք Պոմպեոն և Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, այժմ նման են «շախմատիստների, որոնք միանգամից և միայն մեկ քայլ են մտածում», հետևաբար՝ մոռացել են, որ քայլի իրավունք ունի նաև մրցակիցը: Նրանք արտաքին քաղաքականությունը չեն համարում կոկիկ, հստակ և իրատեսական գործողությունների ծրագիր, որով պետք է առաջնորդվի ինքն իրեն հարգող ցանկացած գերտերություն: Այս մարդիկ քաղաքականությունն ընկալում են՝ իբրև «ներկայացում»՝ դատապարտումներով, պատժամիջոցներով և անօդաչուների հարձակումներով՝ հեգնում է Foreign Policy-ն և ամփոփում, որ, այնուամենայնիվ, «իսկապես վատ լուրն այլ տեղում է». Վաշինգթոնում ռազմավարական տեսլականի բացակայությունը բնավ չի սահմանափակվում սոսկ Իրանի հետ հարաբերություններով: