ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ալյանսի անդամ երկրների դեսպանների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում հայտարարել է, որ Դաշինքը պատրաստ է վերսկսել իր ուսումնական առաքելությունը Իրաքում, երբ տեղում անվտանգության հետ կապված իրավիճակը նման հնարավորություն ընձեռի: Այս մասին ասվում է Ալյանսի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն դադարեցրել է իր առաքելությունն Իրաքում՝ իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից մեկ օր անց և պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ի զորքերն Իրաքի կառավարության հրավերով են օգնում և վերապատրաստել իրաքյան զորքին՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար:
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ իր մարդկանց տեղերում պաշտպանելու համար և ուշադրությամբ հետևում է իրավիճակին՝ սերտ կապեր պահպանում իրաքյան իշխանությունների հետ:
«Մենք հաստատապես հավատարիմ ենք մնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ Ալյանսի անդամ երկրների դեսպանները հավաքվել էին՝ քննարկելու Մերձավոր Արևելքում սրված իրավիճակն ու իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան հանգամանքով ստեղծված իրադրության հետագա հնարավոր զարգացումները: