Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվող իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը:
Խոսնակը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը գնացել է Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին:
Հիշեցնենք, որ Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ վերջին օրերին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում էր հրապարակել:
Համաձայն առողջապահության նախարարի 2018 թ. հուլիսի 30-ի թիվ 1941-Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։
Ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության, մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:
Ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը պոտենցիալ վտանգ է ծննդկանի և նորածնի համար: