Իրաքի արևմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, վաղ առավոտյան ենթարկվել է հրթիռային հարվածների: Զոհերի և ավերածությունների մասին ստույգ տվյալներ դեռևս չկան, արևմտյան մամուլը հայտնում է 80-ի մասին։
Ռազմաբազան հրթիռակոծվել է բալիստիկ հրթիռներով, որոնք ուղարկվել են Իրանի տարածքից: Reuters-ն էլ հայտնում է, որ Իրաքի արևմտյան մասում մի քանի ռազմական օբյեկտներ են տուժել, այդ թվում՝ Էրբիլը, այլ նշանակետերի մասին տեղեկությունները հստակ չեն:
Պատասխանատվությունը ստանձնել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»՝ հայտարարելով, որ սա պատասխանն է գեներալ Սոլեյմանիի սպանության: Նշանառության տակ են Իրաքում տեղակայված ամերիկյան մի քանի ռազմական օբյեկտներ:
Նախագահ Դոնալդ Թրամփին իրավիճակի մասին հայտնելու լուրը իր «Թվիթերում» հայտնել է նրա մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշամը՝ հավելելով, որ նախագահը խորհրդակցում է ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ:
Al Mayadeen հեռուստաընկերությունը, իր աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ բազայի ուղղությամբ արձակվել է 6 հրթիռ: Միաժամանակ, արաբական մեկ այլ լրատվամիջոց՝ Sky News Arabiya-ն, հայտնել է արձակված 9 հրթիռի մասին:
Իրանական Press TV հեռուստաալիքն իր «Թվիթերում» հրապարակել է հրթիռների արձակման տեսանյութը՝ նշելով, որ սա Սոլեյմանիի սպանության պատասխանն է:
Այն ալ-Ասադ ռազմաբազան տեղակայված է Իրաքի արևմուտքում՝ Անբար նահանգում: Հունվարի 7-ին հայտնի էր դաևձել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է բազայի վրա աերոդրոմ կառուցել՝ B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչների չվերթերի համար: