Թեհրանի Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ, РИА Новости-ին հայտնել է Իրանի նախարարության ներկայացուցիչ Ջաֆար Զադեն:
Վթարի վայր են հասել շտապօգնության մեքենաներ: Կարմիր մահիկը Twitter-ում տեղադրել է լուսանկարներ վթարի վայրից: Իրանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը РИА Новости-ին հայտնել է՝ շանսեր չկան, որ ինչ-որ մեկը փրկված լինի: Բեկորները շարունակում են այրվել, փրկարարները փորձում են մարել դրանք:
Reuters-ը, վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը, հայտնում է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը պարզում է՝ օդանավում կա՞ն արդյոք Ռուսաստանի քաղաքացիներ։
Ավելի վաղ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, որ ինքնաթիռում 180 ուղևորով ինքնաթիռը կործանվել է «Իմամ Խոմեյնիի» միջազգային օդանավակայանում «տեխնիկական խնդիրների» պատճառով: Գործակալության տվյալներով՝ տեղեկությունը հաստատել է օդանավակայանի ղեկավարը։
Ականատեսները սոցցանցերում գրում են, որ սա ուկրաինական ինքնաթիռ է: Flight Radar պորտալը հայտնում է, որ ուկրաինական PS752 չվերթը առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 5:42-ին մեկնել է Թեհրանից, և դադարել է տվյալների փոխանցումը երկու րոպե հետո` Մոսկվայի ժամանակով 5:44-ին: