ԱՄՆ ռազմաօդային ուժերը B-52H ռազմավարական 6 ռմբակոծիչներ են տեղափոխում Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզի: Fox News-ի տեղեկացմամբ՝ այս քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության դիվիզիայի հրամանատար Ղասեմ Սոլեյմանի սպանությամբ և այդ առիթով Թեհրանի հնարավոր արձագանքով: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ռմբակոծիչները տեղափոխվել են Barksdale ավիաբազայից, որ տեղակայված է ԱՄՆ Լուիզիանա նահանգում:
Դիեգո Գարսիա կղզին գտնվում է Իրանից 2,300 մղոն (3,700 կմ) հեռավորության վրա և հասանելի չէ իրանական հրթիռների համար: Մյուս կողմից՝ այն շատ հարմար վայր է, որպեսզի ԱՄՆ-ն ինքը անհրաժեշտության դեպքում կոնկրետ գործողությունների դիմի:
Ինչ վերաբերում է B-52H ռմբակոծիչներին (ընդհանուր առմամբ՝ 744 ինքնաթիռ), հիշեցնենք, որ դրանք առաջին անգամ օդ են բարձրացել 1952 թվականին և մի քանի անգամ ենթարկվել են արդիականացման: Դրանցից 58-ն այս պահին ծառայության մեջ են, մոտ 30-ը մշտական պատրաստականության վիճակում են, իսկ մնացածը պահեստում են:
Հիշեցնենք նաև, որ B-52H ռմբակոծիչներն օգտագործվել են Վիետնամի պատերազմի ընթացքում, 1991 և 2003 թթ. իրաքյան պատերազմներում, Հարավսլավիայի ռմբակոծության ժամանակ, Աֆղանստանում: 2016-ի ապրիլից սկսած՝ B-52H ռազմավարական ռմբակոծիչները Քաթարի Al-Udeid ավիաբազայից շուրջ 270 թռիչք են կատարել Սիրիայում և Իրաքում՝ Inherent Resolve (Անքակտելի վճռականություն), գործողության շրջանակներում զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:
Նշենք նաև, որ 5-տեղանոց ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 1050 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը 15 000 մետր է։ B-52H Stratofortress-ն ունակ է օդ բարձրացնել 31,500 կգ ընդհանուր զանգվածով ռումբեր, դրանց թվում նաև՝ միջուկային։ 2014 թվականին B-52H ռազմավարական ռմբակոծիչները համալրվեցին CONNECT անվանումը ստացած արբանյակային կապի ու կառավարման նոր համակարգով, որով զգալիորեն բարձրացավ դրանց օպերատիվության աստիճանը։