Եվրախորհրդարանը չի հետևի փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունենալիք արտահերթ ընտրություններին: Այս մասին ասված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ, որն ուղարկել է Turan գործակալությանը:
Ընդ որում՝ Եվրոպական պառլամենտի անունից ընտրությունները դիտարկելու կամ մեկնաբանելու իրավունք չունի Եվրախորհրդարանի կամ նրա կառույցների ոչ մի անդամ: Տվյալ անձը դա կարող է անել միայն իր անունից՝ չներկայացնելով Եվրախորհրդարանի տեսակետը կամ դիրքորոշումը:
Հրաժարման պատճառը չի ներկայացվում: Ադրբեջանի նախորդ ընտրությունների ընթացքում Եվրախորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ մոնիտորինգ են իրականացրել: Հանրապետության ժողովրդավարական ուժերը քննադատել են նրանց եզրակացությունները, մեղադրել են եվրոպացի խորհրդարանականներին, որ միտումնավոր չեն նկատել բազմաթիվ խախտումները և փաստորեն արդարացրել են կեղծիքները: