Ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանումը խոստանում է քաղաքական երանգներ ստանալ: Նախօրեին Թեհրանի Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանում Boeing 737-800 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 168 մարդ: Զոհերի թվի վերաբերյալ հստակություն դեռ չկա. շրջանառվում են 167, 168 և 169 թվերը:
Նախնական տվյալներով հայտնի է, որ Բոինգ-737-ում եղել են 7 երկրի քաղաքացիներ՝ Իրանի 82, Կանադայի 62, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի 3-ական, Շվեդիայի 10, Աֆղանստանի 4 քաղաքացիներ: Անձնակազմի բոլոր անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, տվյալներն ամեն վայրկյան փոխվում են:
Թեհրանից, կանխագուշակելով հնարավոր հետևանքները, շտապեցին հայտարարել, որ աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել. թռիչքի պահին այրվել է օդանավի շարժիչը: Իրանում Ուկրաինայի դեսպանությունից ևս հայտարարեցին, որ հիմքեր, որով հնարավոր կլիներ պնդել, որ ահաբեկչություն է տեղի ունեցել, չկան:
Մինչ Թեհրանից և Կիևից հայտարարում են վթարի այլ վարկածների անհնարինության մասին՝ արևմտյան մամուլը գրում է հնարավոր ահաբեկչության և նույնիսկ ինքնաթիռի կործանման «իրանական հետքի» մասին:
Հորդանանյան «Ալ Հադաթ» պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրներին, գրում է, որ ինքնաթիռը պատահմամբ խոցվել է իրանական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Փաստացի ապացույցներ պարբերականը չի բերում:
Բրիտանական Daily Mail-ը ևս չի բացառել, որ ինքնաթիռը պատահաբար խոցվել է իրանական ՀՕՊ-երի կողմից: Պարբերականը գրում է, որ ինքնաթիռը վթարվել է ամերիկյան բազաների վրա իրանցիների հարձակումներից ընդամենը մի քանի ժամ անց: Բացի դրանից՝ համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռն արդեն օդում այրվում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն, հնարավոր է, խոցվել է ցամաքից:
Ի՞նչ է այս պահին հայտնի
Ինքնաթիռի վթարի այլընտրանքային տարբերակներ արևմտյան պաշտոնական քաղաքական շրջանակները չեն հայտնել:
Մալայզիական ավիաընկերություններից մեկը արգելել է իր ինքնաթիռների թռիչքը Իրանի տարածքի վրայով: Որոշ խոշոր ավիաընկերություններ ևս հայտարարել են, որ պատրաստվում են շրջանցել Իրանի և Իրաքի օդային տարածքները: Սպասվում է, որ նման ընկերությունների թիվը առաջիկա օրերին զգալիորեն կաճի: Росавиация-ն ևս խորհորդ է տվել շրջանցել Իրանի, Իրաքի և Պարսից ու Օմանի ծոցերի օդային տարածքները:
Հնարավոր զարգացումներ
Որոշ վերլուծական շրջանակներ արդեն հայտարարում են, որ ուկրաինական ինքնաթիռի վթարը, հնարավոր է, առաջիկայում «վառ արտահայտված քաղաքական երանգ ստանա», ինչպես դա 2014 թ. եղավ Դոնեցկի շրջանում Բոինգ 777-ի կործանումից հետո, երբ ուկրաինական կողմը մեղադրեց Ռուսաստանին և Ուկրաինայի արևելքի ռուսամետ ուժերին՝ ինքնաթիռը խոցելու համար, իսկ Մոսկվայից հայտարարեցին, որ ինքնաթիռը խոցվել է ուկրաինական ուժերի կողմից: