Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ԱՄՆ նախագահի արձագանքն է Իրաքում ամերիկյան օբյեկտների վրա Իրանի հարձակումներին: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումներից հետո «ամեն ինչ լավ է»: «Ամեն ինչ լավ է ընթանում: Այսօր մենք ունենք աշխարհում ամենահզոր և լավ սպառազինված ուժերը»,- Թվիթերի իր էջում գրել է Թրամփը:
Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ կատարվում է վնասի գնահատում, և խոստացել է պաշտոնական հայտարարություն անել հունվարի 9-ի առավոտյան:
2020-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության սրացումն անվանել է պետության ղեկավար Թրամփի ոչ կոմպետենտության վկայություն: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Բայդենը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գեներալ Սոլեյմանիին սպանելու որոշումը համարել է «չհամակարգված»: «Թրամփի գործողությունները ապացուցեցին, որ նա «ոչ կոմպետենտ է և ընդունակ չէ համաշխարհային առաջնորդությանը»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դիմել է նախագահ Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով վերջ տալ Իրանի դեմ սադրանքներին: Իսկ Իրանի ղեկավարությանն էլ կոչ է արել դադարեցնել բռնությունը: Նա համոզված է, որ Ամերիկան ու ամբողջ աշխարհը պատերազմ թույլ չեն տա:
Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը՝ Քենթուկի նահանգից, Թվիթերում գրել է, որ ԱՄՆ վարչակազմը պետք Է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ ցանկացած քննարկում տեղափոխի Կոնգրես: «Անհրաժեշտ Է դադարեցնել Էսկալացիան, քանի դեռ այն հերթական անվերջ պատերազմի չի հանգեցրել Մերձավոր Արևելքում»,- գրել է նա:
CNN-ն էլ, մեջբերելով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի հանրային հարցերով օգնական Ջոնաթան Հոֆմանի խոսքերը, հայտնել է, որ Միացյալ Նահանգները կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` իր ռազմական դաշնակիցներին Իրանի հարձակումներից պաշտպանելու համար:
Հոֆմանը հաստատել է, որ Իրանի կողմից մեկ տասնյակից ավելի բալիստիկ հրթիռներ են արձակվել ԱՄՆ ռազմական օբյեկտների և Իրաքում տեղակայված հակաահաբեկչական կոալիցիայի ուղղությամբ:
Այժմ վնասի գնահատում է կատարվում, հայտարարել է Պենտագոնի խոսնակը: